Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն ավելացել է 79-ով, բուժվածներինը՝ 34-ով, գրանցվել է մահվան ևս 1 դեպք:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով այսօր՝ մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3392 դեպք, ապաքինվածների թիվը 1359 է, հիվանդությունից մահվան ելքերի թիվը՝ 46-ը: Ըստ աղբյուրի՝ որոնավիրուսով վարակված ևս 17 անձ մահացել է այլ պատճառներով:
Այդպիսով, Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1970 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 32561:
Անդրադառնալով մահվան նոր դեպքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են, որ 69 տարեկան տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հայկական երկրորդ հանրապետությունում՝ Արցախում, կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով՝ հասնելով 14-ի: Այսօրվա տվյալով 14-ից 8-ը ապաքինվել է, կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսաված է 15 քաղաքացի, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 359 մարդ:
Հավելենք՝ աշխարհում կորոնավիրուսով վարկման դեպքերի թիվը մոտենում է 4 մլն 200 հազարին: Ըստ worldometers միջազգային պորտալի՝ հիվանդությունից մահերի թիվը 284 հազար 34 է, ապաքինվածների թիվը անցել է 1,500 մլնը:
Վարակվածների ամենամեծ թիվը շարունակում է մնալ ԱՄՆ-ում՝ մոտ 1 միլիոն 370 հազար մարդ, մահվան դեպքերի թիվը երկրում մոտենում է շուրջ 81 հազարին: