76-ամյա Թենարա Սարգսյանն այս տարի ինքնախոստում էր տվել, որ Մայիսի 9-ին անձամբ պետք է այցելի «Հաղթանակ» զբոսայգի և Հայրենական մեծ պատերազմի մասնակից հոր հիշատակին ծաղիկներ խոնարհի «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի մոտ:
«Ամեն տարի գերազման եմ գնում, հուշակոթող կա՝ էնտեղ եմ դնում, այս տարի որոշեցի այստեղ գալ: Ուզում եմ ինքս ծաղիկներ դնեմ հորս համար, խիղճս հանգիստ լինի»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց տիկին Թենարան:
Սակայն կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով այս տարի հուշահամալիր տանող մուտքերը քաղաքացիների համար փակ էին, Եռատոնի շրջանակում միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ էին նախատեսված:
Իրավապահների թույլտվությամբ այգու տարածք էին եկել և ուղեփակոցների մոտ պաշտոնական միջոցառումների ավարտին էին սպասում նաև հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդգծելով, որ իրենց վստահեցվել է, որ պաշտոնական արարողակարգից հետո թույլ կտրվի մոտենալ անմար կրակին ու ծաղիկներ խոնարհել: Փաստացի, սակայն, տեղում հսկողություն իրականացնող իրավապահները դա անել արգելեցին:
«Մեզ ասեցին սպասեք` 20-25 րոպե հետո թույլ կտանք, որ մոտենաք: Արդեմ ժամ, ժամ ու կես անցել է ու հիմա ասում են հնարավոր չէ՞: Թող պարոն Ավինյանը բարի լինի, գա մեզ բացատրի, թե մեզ էստեղ պահելը ի՞նչ օգուտ է տալիս կորոնավիրուսի չտարածմանը, հակառակը՝ մարդիկ շարունակում են գալ ու կուտակում է լինում, որոշումը անհեթեթություն է»,-վրդովված բարձրաձայնեց ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանը:
«Գլոսա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, ազատամարտիկ Աշոտ Համբարձումյանն էլ պնդում էր, թե իրեն Ռազմական ոստիկանության պետի տեղակալն է խոստացել, որ կարող են տարածք մուտ գործել պաշտոնական արարողակարգից հետո: «Բարձր մակարդակով մեզ խոստացել էին, բարձր մակարդակով խաբեցին, պետք է պատասխան տան մեզանից հաղթանակը գողանալու համար»,-նշեց նա:
Տիկին Ալեքսանյանն էլ ասաց, որ հուշարձանի տարածք արգելքի որոշումը վիրավորում է իր զգացմունքները. «Հայրս 6 տարի գտնվել է ռազմաճակատում, քեռիս վերադարձավ` գանգի կեսը չկար, հորեղբայրս ընդհանրապես չվերադարձավ, այս որոշումը վիրավորում է իմ զգացմուքները»:
«Սաղ քաղաքում ափռ-ցփռ ման են գալիս, իմ թոռնիկին չի թուլյատրվում իրա պապերի համար ծաղիկ դնի գա, անհեթեթ հրաման ա: Իրա կաթի փողը կտրել, ծաղիկ ա բերել իրա պապերին ու, վդռուգ, էս ի՞նչ հրամանա»,-վրդովվեց մանկահասակ թոռնուհու հետ Հաղթանակի տոնի առթիվ զբոսայգի եկած մի պապիկ:
Տարածքում էին նաև նախկին պատգամավոր Արագած Ախոյանը (Ազգային ժողովում ներկայացրել է ԲՀԿ խմբակցությունը)՝ իր թոռնիկների հետ, Կոմունիստական կուսակցության 4 հոգանոց պատվիրակությունը՝ կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանի գլխավորությամբ։
Ժամեր տևած նյարադային բանակցություններից, պարետատան թեժ գծին զանգերից և տեղի իրավապահների հետո «լեզու գտնել» փորձելուց հետո՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակի տարածք քաղաքացիների մուտքի արգելքի որոշումը անփոփոխ մնաց:
Հավաքվածներն այդպես էլ չկարողացան իրենց ծաղիկներն անձամբ խոնարհել հայրենիքի պաշտպանության և խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ. նրանց փոխարեն դա արեցին իրավապահները՝ նշելով, որ Ոստիկանությունն իր ուժերով ընդառաջում է քաղաքացիներին:
Անդրդվելի էր սակայն, տիկին Թենարան, ասաց՝ ծաղիկները տուն կտանի ու հոր նկարի առջև կդնի. «Ինչ նպատակի համար բերվել է, այդ նպատակին էլ պետք է ծառայի»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան