«Վարորդները անգործ կմնան, որակը կընկնի, մինիմալի արժեքը կհատի 1000 դրամի շեմը». օնլայն տաքսի ծառայություններն ահազանգում են նոր օրինագծի հետևանքների մասին - RadioVan.fm

Онлайн

«Վարորդները անգործ կմնան, որակը կընկնի, մինիմալի արժեքը կհատի 1000 դրամի շեմը». օնլայն տաքսի ծառայություններն ահազանգում են նոր օրինագծի հետևանքների մասին

2020-05-08 20:55 , Общество, 4104

«Վարորդները անգործ կմնան, որակը կընկնի, մինիմալի արժեքը կհատի 1000 դրամի շեմը».  օնլայն տաքսի ծառայություններն ահազանգում են նոր օրինագծի հետևանքների մասին

«Օնլայն տաքսիների ոլորտը վերանալու է, երկրում սոցիալական ծանր հարված է սպասվում». ահազանգում են էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները:

Պատճառը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծն է, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է վերահսողությունից:

Այդ նպատակով առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների պատվերներ գրանցելու և փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն, իսկ ոլորտում գործունեություն իրականացնողներին օրինական դաշտ բերելու նպատակով՝ պատվերները փոխանցել միայն լիցենզավորված կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Այսինքն, այն վարորդը, որը կցանկանա ուղևոր տեղափոխել առցանց պատվերներով՝ պետք է լիզենզավորվի որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) կամ անհատ ձեռներեց (ԱՁ)՝ լիցենզիայի համար վճարելով տարեկան 100 հազար դրամ պետական տուրք, և նաև՝ ամսական 20 հազար դրամից ավելի այլ վճարումներ կատարի:

«Օնլայն տաքսիների հետ գործակցող այն վարորդները, որոնց համար դա իրենց հիմնական գործն է, գուցե համաձայնեն լիցենզավորվել, սակայն լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով գործակցողների համար, որոնք մեծամասնություն են կազմում՝ շուրջ 80-90%, դա նախընտրելի չի լինի: Հետևաբար, վարորդների 90%-ը պարտադիր վճարներ կատարել չկարողանալու պատճառով ստիպված կլինի հրաժարվել իր գործից»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց «ՅՈՒ ՏԱՔՍԻ» ՍՊԸ-ի (Utaxi) ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանը՝ նկատելով, որ այդ մարդիկ կնախընտրեն առանց հարկային պարտավորությունների որպես անհատներ տաքսի վարել՝ ինքնուրույն սահմանելով գին ու որակ։ Արդյունքում՝ շուկան կզրկվի ինովացիոն լուծումներից, իսկ ծառայությունների գները կաճեն։

Նշենք, ըստ նախագծի, սեփական տաքսին վարելու համար ֆիզիկական անձը կարող է նաև անվճար լիցենզավորվել, սակայն այդ դեպքում իրավունք չի ունենա գործակցել օնլայն տաքսիների կամ միջնորդ ընկերությունների հետ, իր հաճախորդին կգտնի անմիջականորեն, օրինակ՝ փողոցում:

Իրավաբան Վանիկ Մարգարյանը նկատում է՝ ֆիզիկական անձանց տարանջատելը խտրական մոտեցում է, նախագիծը ստիպում է վարորդներին մշտական բիզնես ծավալելու մասին որոշում ընդունել:

Էլեկտրոնային հարթակի միջոցով տաքսի ծառայություններ մատուցող մեկ այլ ընկերության՝ «Յանդեքս.Տաքսի»-ի (Yandex.Taxi) տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը չի ժխտում, որ ոլորտը կարգավորման խնդիր ունի, սակայն ընդգծում է՝ դա պետք է արվի խելամիտ ճանապարհով: Նա, օրինակ, օնլայն տաքսի ծառայությունների հետ գործակցող վարորդներին օրինական դաշտ բերելու նպատակով առաջարկում է կիրառել ինքնազբաղվածների ձևաչափը, որը լայն տարածում ունի ԱՊՀ երկրներում։ Ըստ այդմ՝ վարորդը մուտք է գործում պետության կողմից ստեղծված համապատասխան հավելված, րոպեների ընթացքում մուտքագրում է իր տվյալները, գրանցվում է, ունենում է հարկ վճարողի հաշվեհամար, իր տվյալներն ուղարկում է օնլայն ընկերությանը, որն էլ շրջանառության վերաբերյալ եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան հաշվետվություն է ներկայացնում պետությանը, ու վարորդը հարկվում է փաստացի կատարած ուղևորափոխադրման համար:

«Յանդեքս.Տաքսի»-ի ներկայացուցիչն ընդգծում է, որ այս և ոլորտը կարգավորող ևս մի քանի առաջարկներ բազմիցս ներկայացրել են ոլորտի պատասխանատուներին, սակայն, ինչպես ակնհայտ է դառնում օրինագծից, դրանցից և ոչ մեկը չի ներառվել փոփոխությունների նախագծում:

Եթե, այդուամենայնիվ, կառավարությունը անփոփոխ թողնի մշակած նախագիծը՝ ոլորտի ներկայացուցիչները կանխատեսում են, որ արդյունքում կունենանք միատեսակ տաքսի, ծառայությունների որակը անկում կապրի, էլեկտրոնային հարթակների հետ համագործակցող վարորդների թիվը կտրուկ կնվազի, ինչն էլ, ինքնըստինքյան, կհանգեցնի պատվերի մինիմալ արժեքի եռակի բարձրացման, այսինքն, կհատի 1000 դրամի շեմը:

Ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկման մանրամասները՝ տեսանյութում:

Հավելենք, որ իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում ներկայացված նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև ս.թ. մայիսի 14-ը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть