«Այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները». Վիտալի Բալասանյան - RadioVan.fm

Онлайн

«Այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները». Վիտալի Բալասանյան

2020-05-08 16:05 , Политика, 1322

«Այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները». Վիտալի Բալասանյան

«Ճակատագրի հեգնանքն այն է, որ Շուշիի ազատագրումից հետո Ադրբեջանում դատեցին իրենց զինվորական վերնախավին՝ քաղաքը հանձնելու համար, իսկ այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները»,-այդ մասին Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առիթով հղած ուղերձում նշել է Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը՝ համոզմունք հայտնելով, որ ժամանակն ու պատմությունն ամեն ինչ իրենց տեղն են դնելու։

Ուղերձն ամբողջությամբ՝ ստորև.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Մայիսի 8-ին լրանում է բերդաքաղաք Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հայ ժողովրդին։

Արցախյան գոյամարտի ժամանակ մենք բազում հաղթական գործողություններ ենք իրականացրել, բայց Շուշիի ազատագրումն առանձնանում է իր ռազմավարական նշանակությամբ ու խորհրդանշականությամբ։

Այդ ռազմագործողությամբ հայկական զինուժին հաջողվեց դադարեցնել Ստեփանակերտի գլխին թափվող կրակը։ Բացի այդ՝ Շուշիի ազատագրմամբ խորհրդանշական ձևով վերահաստատվեց հայկական Արցախի ազատ ապրելու իրավունքը։

Ցավով պետք է արձանագրեմ, որ բովանդակ հայության համար խորհրդանշական դարձած այդ օրը ստվերվում է խայտառակ դատավարությամբ, որը կրկին խորհրդանշական է դառնում։ Դատավարություն, որի շրջանակներում անհիմն մեղադրանքներով անազատության մեջ է պահվում Շուշիի ազատագրման օպերացիային զենքը ձեռքին մասնակցած, պատերազմի տարիներին ԼՂ պետական պաշտպանության կոմիտեն ղեկավարած, Արցախի Հանրապետության 1-ին ու Հայաստանի Հանրապետության 2-րդ նախագահ ընտրված Ռոբերտ Քոչարյանը։

Դատավարություն, որի ընթացքում դատվում են ազատամարտին մասնակցած և մեր բանակաշինության գործում իրենց ավանդն ունեցող գեներալներ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։

Մայիսի 8-ին դատարանի դահլիճում լինելու են պատերազմում հաղթած մարդիկ։ Նրանք, ովքեր իրենց կյանքն են վտանգել հանուն հայ ժողովրդի հաղթանակի ու ազատության։Ճակատագրի հեգնանքն այն է, որ Շուշիի ազատագրումից հետո Ադրբեջանում դատեցին իրենց զինվորական վերնախավին՝ քաղաքը հանձնելու համար, իսկ այսօր Հայաստանում մեղադրյալի աթոռին են հայտնվել Շուշին ազատագրողները։ Սա մեր բոլորիս ամոթն է և պետք է ամեն ինչ անել այս խարանը մեր վրայից մաքրելու համար։

Համոզված եմ, որ ժամանակն ու պատմությունն ամեն ինչ իրենց տեղն են դնելու։

Մենք մերժելու ենք պարտվողականությունը և գնալու ենք դեպի նոր հաղթանակներ»։

Նշենք՝ այս րոպեներին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Այսօրվա նիստում քննարկվելու է Հայաստանի նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի` Ռոբերտ Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը:

Лента

Рекомендуем посмотреть