ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել դպրոց ընդունվելու հայտագրման վերաբերյալ:
Հայտարարությունում ասված է.
«Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ Բոլորի համար հավասար մեկնարկային պայմաններ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ծնող, աշխարհի ցանկացած ծայրից, իր երեխային կարող է առցանց համակարգով գրանցել պետական հանրակրթական դպրոցներում` առաջին դասարան հաճախելու համար:
1-ին փուլ
Մայիսի 8-ին, առավոտյան ժամը 9:00-ից սկսած՝ ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։
2-րդ փուլ
Հունիսի 1-ից, ժամը 9։00-ից սկսած՝ hayt.emis.am կայքում կմերկնարկի բուն հայտագրման գործընթացը։ Այս տարի սահմանվել է առաջնահերթություն։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում կհերթագրվեն հետևյալ հայտատուները՝
1. 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է,
2. 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:
3-րդ փուլ
Հունիսի 11-ից, ժամը 9։00-ից սկսած` կկարողանան գրանցվել նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
Ի՞նչ անել, եթե գտնվում եք արտերկրում
Եթե ունեք անհրաժեշտ փաստաթղթեր, ապա կարող եք գրանցվել արտերկրից, իսկ եթե փաստաթղթերի, մասնավորապես, հանրային ծառայության համարանիշ ստանալու խնդիր ունեք, ապա գործընթացը կարող եք կազմակերպել լիազորագրով` անձնագրի և ծննդյան վկայականի նոտարական վավերացմամբ պատճենների առկայությամբ: Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրամադրում են անձնագրային բաժինները հաշվառվելու դեպքում»:
Հիշեցնենք՝ առաջին դասարանցիների ընդունելությունը Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում 2019-2020 ուսումնական տարում կատարվել է բացառապես էլեկտրոնային գրանցման եղանակով, համակարգը գործարկվել է 2019-ի մայիսի 15-ից։ Համակարգի ներդրումից հետո ամփոփելով արդյունքները՝ կրթական գերատեսչությունը հայտարարեց, որ Երևանյան դպրոցների առաջին դասարաններում փոխվել է ծանրաբեռնվածության ընդհանուր պատկերը: