ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության (ԱՀ ԱԳՆ) պատրաստած փաստաթուղթը՝ Ադրբեջանի կողմից Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ, որն ավելի վաղ հրապարակվել էր ԱԳՆ կայքէջում և տրամադրվել ԶԼՄ-ներին։
Այդ մասին հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։
Հիշեցնենք՝ Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ, տարածած փաստաթղթում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը մասնավորապես ընդգծել է, որ «արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հայկական ջարդերը, և հետագայում՝ 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը կրկնվեց 2016 թ. ապրիլին, ապացուցեցին, որ միայն անկախ պետականության կերտման և շարունակական ամրապնդման ճանապարհով է հնարավոր երաշխավորել իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Միջազգային հանրության կողմից այս իրողության ըմբռնումն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնան նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ և խաղաղություն ու անվտանգություն կապահովեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում»։