Մայիսի 4-ն է, և ինչպես արդեն հայտարարվել էր, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, արտակարգ դրության ընթացքում կիրառվող մի շարք սահմանափակումներ այսօրվանիցհանված են։
Մասնավորապես՝
Տեղաշարժի իրավունքի մասով՝
-Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չի լինի,
-Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը,
-Արդեն իսկ հանվել էին միջմարզային սահմանափակումները: Այս մոտեցումը պահպանվում է,
-Փոխարենը՝ վարակի տարածումից կամ օջախային լինելու ռիսկից կախված՝ կարող է ժամանակավորապես փակվել առանձին համայնքների ելումուտը,
Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝
-Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,
-Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,
-Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,
-Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում,
-Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ,
-Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը,
-Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:
-Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները:
Կանոններ
Զուգահեռաբար բոլոր թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվելու է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սահմանափակումների մեղմումը չի նշանակում, թե համավարակի վտանգն անցել է: Սա փորձ է` ադապտացվելու համակեցության նոր կանոններին: Հետևապես, այս փուլում չափազանց կարևոր է յուրաքանչյուրիս անհատական, սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը։ Սա յուրահատուկ թեստ է բոլորիս համար, թե որքանով ենք կարողանում բարձր գիտակցություն և կարգապահություն դրսևորել։
Ընդգծեմ նաև, որ իրավիճակի վատթարացման դեպքում ամեն պահի կարող է վերադարձ կատարվել առավել խիստ սահմանափակումների ռեժիմի։
Առողջություն ու զգոնություն բոլորիս»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Ավինյանը:
Ինչպես տեղեկանում ենք պարետի որոշումից՝ թույլատրված ոլորտների համար գործում են գործունեության կազմակերպման պարտադիր կանոններ, որոնք չպահպանելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը: Միաժամանակ, ուժեղացվում է վերահսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։
Այսպես՝ մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների տարածքում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է ընկերությունը՝ պահպանելով սահմանված կանոնները: Բոլոր տարածքները (հատակը, պատերը, կրպակները, կահույքը, երեխաների խաղասենյակները, զուգարանները) ախտահանվում են օրական առնվազն 2 անգամ:Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքներն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ:Տարածքը պարտադիր օդափոխվում Է: Ցանկալի է իրականացնել տարածքի բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով: Տարածքն ապահովվում է փակվող աղբարկղերով: Պետք է բացառել աղբի կուտակումները. աղբը հաճախակի հեռացվում է:Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների (բռնակների, հենարանների և այլն) պարտադիր մշակում (60-80 %-ոց սպիրտային հիմքով) ախտահանիչ նյութերի կիրառմամբ:
Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:Ապահովվում են պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:
Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Առևտրի օբյեկտներում աշխատող անձնակազմի այն անդամները, ովքեր ուղղակի շփում ունեն հաճախորդների հետ, պարտադիր կրում են դիմակ և ձեռնոց: Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:
Շարունակում է ուժի մեջ մնալ յուրաքանչյուր օր ժամը 10։00-12։00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկումը՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:
Որոշման մանրամասները՝ հետևյալ հղմամբ: