Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:
Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ այդ խախտումներից զատ, ապրիլի 29-ին՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետեր (8 արկ), որը 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:
«ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար»,-ասված է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում: