Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակում է նվիրատվություններ ստանալ համաճարակային իրավիճակի հետևանքով դժվարին պայմաններում հայտնված քաղաքացիներին աջակցելու նպատակով։ Ինչպես տեղեկանում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից փոխանցվել է ևս հիսուն հազար ԱՄՆ դոլար։ Կանադայի հայոց թեմը փոխանցել է քսանհինգ հազար ԱՄՆ դոլար։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման նպատակով իրականացվող առողջապահական ծրագրերի շրջանակներում ապրիլի 30-ին, Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի, Մայր Աթոռի «Իզմիրլյան» Բ/Կ-ի տնօրեն Արմեն Չարչյանի և ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Շավարշ Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ 26 միլիոն 500 հազար ՀՀ դրամ արժողությամբ բժշկական պարագաների հանձնումը ՀՀ Առողջապահության նախարարությանը։ Մայր Աթոռի միջոցներով և թեմերից ստացված նվիրաբերությունների շնորհիվ ձեռք բերված բժշկական պարագաները ներառում էին թոքերի օդափոխության երկու սարք, անեսթեզիոլոգիական համակարգ, հակապառկելախոցային ներքնակներ և այլ անհրաժեշտ պարագաներ»,-ասված է հաղորդագրությունում, որում միաժամանակ նշվում է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է իր ծառայությունը բերել առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում: