«Գրանցված աշխատանք ունենալն աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է, և բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը և աջակցել կառավարությանն իրենց իսկ աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում»,-այդ մասին այսօր՝ Աշխատանքի օրվա առիթով քաղաքացիներին հղած ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարության հաճգնաժամային ծրագրերն ուղղված են առաջին հերթին այն մարդկանց և ընկերություններին, ովքեր աշխատել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային, հարկային օրենսդրության ճշգրիտ պահպանմամբ:
«Սրանով մենք ոչ միայն մեր գնահատանքի տուրքը մատուցեցինք այդպես աշխատող մարդկանց, այլև օգտվեցինք այն պատեհությունից, որ գրանցված աշխատողին շատ ավելի հեշտ է նույնականացնել, հասցեավորել այն պարագայում, երգբ նա ճգնաժամի պայմաններում կորցնում է աշխատանքը և աջակցության կարիք ունի»,-ասված է ուղերձում:
«Այս տարի կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված շատերն աշխատում են հեռավար, շատերը՝ ավելի ծանրաբեռնված և ռիսկային պայմաններում:
Մեծ գնահատանքի են արժանի առողջապահության, իրավակարգի պահպանության, պետության անվտանգության, սննդամթերքի, բժշկական պարագաների և դեղամիջոցների արտադրության և ներկրման ոլորտներում աշխատողները, որոնց գործունեության արդյունքում ապահովվում է երկրի կենսագործունեությունը՝ ճգնաժամային պայմաններում:
Մեծ գնահատանքի են արժանի նաև այն բոլոր գործատուները, ովքեր ի հեճուկս տնտեսական դժվարությունների՝ շարունակում են պահպանել աշխատատեղերը, չեն գնում կրճատումների ու նաև օգտվելով կառավարության հակաճգնաժամային ծրագրերից՝ աշխատանքներ են տանում վնասները նվազագույնի հասցնելու և հետագա զարգացման ուղղությամբ»,-մայիսմեկյան ուղերձում նշել է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ «անհատական ջանքը և այդ ջանքի արգասիք աշխատանքն է մեր բոլոր խնդիրների լուծման բանաձևը»:
«Հայաստանի կառավարությունը, չնայած պատուհասած ճգնաժամին, շարունակելու է տնտեսության զարգացման իր հետևողական քաղաքականությունը՝ խրախուսելով աշխատանքն ու աշխատավոր մարդկանց»,-վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայ ժողովուրդը հայտնի է որպես աշխատող, ստեղծարար, տաղանդավոր ժողովուրդ: Եւ հայ ժողովուրդն իր աշխատանքով ու ստեղծարար տաղանդով կառուցելու է իր երազած հայրենիքը: Այդ գործընթացը սկսվել է, շարունակվելու եւ հասնելու է հաղթական ավարտի՝ ի հեճուկս ճգնաժամի բերած դժվարությունների:
Շնորհավոր Մայիսի 1 եւ կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»: