Վրաստանում ապրիլի 27-ից սկսած փուլ առ փուլ կհանվեն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կազմակերպած «COVID 19. տարածաշրջանային իրավիճակ. դիմակայում և հնարավոր զարգացումներ» թեմայով հեռավար խորհրդարանական քննարկման ընթացքում ասաց Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սադոյանը։
«Այս պահին Վրաստանում կա 496 վարակակիր, 6 մահվան դեպք, կարանտինում գտնվող 5000 մարդ։ Վրաստանում այս պահին տիրում է կարգապահություն։ Վրաստանի վարչապետի հայտարարությամբ` տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ` ապրիլի 27-ից սկսած, ամեն փուլը կտևի 2 շաբաթ։ Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է՝ վերականգնվեն սահմանափակումները»,-ասաց Սադոյանը,
«Վերջին շրջանում մամուլում շատ է արծարծվում այն հարցը, թե ինչու է Վրաստանում վարակվածների թիվն այսքան քիչ: Ես ուղղակի ուզում եմ ասել, որ Վրաստանում տիրում է կարգապահություն»,-ասաց դեսպանը՝ նկատելով, որ Հայաստանում այս պահին մի քանի անգամ ավելի շատ թեստ է արվում, քան Վրաստանում, իսկ մահացության թվով Վրաստանը եվրոպական երկրների շարքում ունի ամենալավ ցուցանիշը։
Հավելենք, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վրաստանում այսօրվանից թույլատրվում է թեթև մարդատար մեքենաների երթևեկությունը, աշխատանքը կվերսկսեն տաքսիները, նաև՝ բաց գյուղատնտեսական շուկաները:
Մեքենաներով ճանապարհորդել և գյուղատնտեսական գործունեություն ծավալել կթույլատրվի միայն որոշակի կանոններին հետևելու պայմաններով:
Երկրի կառավարությունում հստակեցրել են, որ յուրաքանչյուր փուլին անցումը հիմնված կլինի համաճարակաբանական իրավիճակի անալիզի վրա: Եթե համաճարականբանական իրավիճակը վատանա՝ չեղարկված սահմանափակումները կրկին ուժի մեջ կմտնեն կամ կհետաձգվի հաջորդ սահմանափակումների չեղարկումը: