«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում»-այդ մասին ֆեյսբուքյն իր էջում գրել է երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ ներկայացնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած տողերի հիման վրա իր ստեղծագործած երաժշտության համակցությամբ «Հայաստան» երգը:
Թանկյանի տեղեկացմամբ՝ երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին:
«Հիմնադրամը հրաշալի բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում ձեռնարկել է բազմաթիվ բովանդակալից նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին:
COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունները այս պահի դրությամբ ներառում են պարենային և պաշտպանական միջոցների փաթեթների տրամարդում Հայաստանի տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին, կենսական բժշկական պարագաների (դիմակներ, ձեռնոցներ, մեկուսիչ արտահագուստ և այլ անհատական պաշտպանության միջոցներ) ձեռքբերում բժշկական և այլ առաջին օգնության խմբերի համար, համակարգիչների և պլանշետների ձեռքբերում և բաշխում մարզերի ամենախոցելի ընտանիքների դպրոցականներին՝ ապահովելով հասանելիություն հեռեվար կրթությանը»,-եզրափակել է գրառումը ռոք երաժիշտը:
ՀՀ վարչապետն արձագանքելով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։
Ձեզ ծանոթ բառերին ավելացել է հետեւյալ կրկներգը.
Արագած, Գրիգոր, Արարատ ու Սեւան,
Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,
Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,
Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։
Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»: