Նվագելիս մի միտք էր ծագում՝ ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին. դաշնակահարը՝ Ծիծեռնակաբերդում +3°-ին նվագելու մասին - RadioVan.fm

Онлайн

Նվագելիս մի միտք էր ծագում՝ ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին. դաշնակահարը՝ Ծիծեռնակաբերդում +3°-ին նվագելու մասին

2020-04-24 17:48 , Культура, Шоу бизнес, 1538

Նվագելիս մի միտք էր ծագում՝ ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին. դաշնակահարը՝ Ծիծեռնակաբերդում +3°-ին նվագելու մասին

«Այսօր ինձ բոլորը գրում են՝ ինչպես +3° ջերմաստիճանին կարողացա դիմանալ և նվագել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Գիտե՞ք, անընդհատ մի միտք էր ծագում նվագելիս. «Աստված իմ, բա ինչպե՞ս են դիմացել մեր պապերը ցրտին, սովին, գաղթին… Բոլոր կատարումներս նվիրում եմ նրանց հիշատակին՝ որպես երախտիք ու խոնարհում»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը, որի կատարումներով այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղեկցվել է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված խոնարհումի արարողությունը:

«Այսօր ապրում ենք բարդ ժամանակներում, բայց երբեք չպետք է մոռանանք՝ անկախ մեր խնդիրներից, մեր կարիքն ունեցող #մանուկների մասին, քանի որ ես վստահ եմ՝ նրանց շարքում են պոտենցիալ Խաչատրյանները, Կոմիտասները, Մոցարտներն ու Նյուտոնները։ Առանց հանդիսատեսի ձևաչափն ինձ համար իհարկե խորթ է, շատ եմ կարոտել հատկապես երևանյան ունկնդրին, սակայն գիտակցում եմ, որ տանը մնալն այսօր կենսական նշանակություն ունի յուրաքանչյուրի համար և հուսով եմ՝ իմ կատարմամբ մի փոքր ջերմություն կհասցնեմ մարդկանց բնակարաններ ու բարի գործ կանենք միասին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դաշնակահարը՝ տեղեկացնելով, որ ապրիլի 25-ին հանդես է գալու առցանց բարեգործական մենահամերգով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին:

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր արգելված է: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները մեկնարկել են ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին, ղողանջել են եկեղեցական զանգերը, մարել են Երևանի և մարզերի հրապարակների ու փողոցների լույսերը: Այսօր առավոտից տեղի են ունենում արարողակարգային միջոցառումներ. Հայոց ցեղասպանության 1.5 մլն սուրբ նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Այսօր Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունները, ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։ Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են իրենց անուն-ազգանունները ուղարկել 0037433191500 հեռախոսահամարին։ Մեկ հաղորդագրության արժեքը 1 դրամ է: Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի 22:00-ին՝ պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ: Ծրագիրը կընդգրկի դասական և ժողովրդական ժանրի ստեղծագործություններ, որոնք ուղիղ եթերով կհեռարձակվեն մինչև լուսաբաց:

Лента

Рекомендуем посмотреть