Այսօր ժամը 21:00-ին ՀՀ-ում կմարեն փողոցների լույսերը, մարեք և Ձեր տան լույսերը՝ խորհրդանշելով միասնական ներկայություն Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ - RadioVan.fm

Онлайн

Այսօր ժամը 21:00-ին ՀՀ-ում կմարեն փողոցների լույսերը, մարեք և Ձեր տան լույսերը՝ խորհրդանշելով միասնական ներկայություն Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ

2020-04-23 17:55 , Общество, 1779

Այսօր ժամը 21:00-ին ՀՀ-ում կմարեն փողոցների լույսերը, մարեք և Ձեր տան լույսերը՝ խորհրդանշելով միասնական ներկայություն Ծիծեռնակաբերդի անմար կրակի շուրջ

Այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարելու են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կառավարությունը կոչ է անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ այս տարի չպետք է այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի:

2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:

Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր:

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը:

Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար»,- ասված է Տիգրան Ավինյանի գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումները փոփոխություն են կրելու:

Ճանապարհային ոստիկանությունն էլ տեղեկացրել է, որ ապրիլի 21-25-ի ժամը 22:00-ն փակ են լինելու Ծիծեռնակաբերդի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Իսկ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրը պատարագը դռնփակ կմատուցվի:

Лента

Рекомендуем посмотреть