Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում, որտեղից արդեն 1 տարի առաջ ապամոնտաժվել էր մի քանի սրճարան, դեկորատիվ ծառեր են տնկվել: Այդ մասին տեղեկանում ենք «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից:
«Թխկենի կարմիր, գնդաձև կատալպա, թափվող սակուրա ու սզնի ծառատեսակները կզարդարեն Կենտրոնը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դեկորատիվ ծառեր է տնկել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից կանաչ տարածքներում: Դրանք կգեղեցկացնեն նաև ապամոնտաժված սրճարանների տարածքները»,-ասված է գրառման մեջ:
Հիշեցնենք՝ 2019-ի տարեսկզբին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից տարածքի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողներին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից հրաժարվելու վերաբերյալ ծանուցումներ ուղարկելու մասին։
Տեղակացվեց, որ ապամոնտաժված սրճարանների փոխարեն կառուցվելու է նոր պուրակ, վերստեղծվելու է շուրջ 1 հեկտար կանաչ տարածք՝ նոր լուծումներով, թանկարժեք ծառատեսակներով: