Այսօր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) հայրենիք կվերադառնա Հայաստանի Հանրապետության 18 քաղաքացի։ Այս մասին այսօր արտակարգ դրության պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Իսկ առաջիկա օրերին կազմակերպվելիք 3 չվերթով այլ երկրներից Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ պարետատունը տարածած հայտարարությամբ հայտնել էր, որ ապրիլի 19-23 ընկած ժամանակահատվածում կազմակերպվելու է ՀՀ քաղաքացիների վերադարձն այլ երկրներից, այնուհետ՝ Մոսկվայից:
Հիշեցնենք՝ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում 2020 թվականի մարտի 16-ին հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն, երկարաձգելու մասին որոշում ընդունեց։
Ողջ աշխարհում կորոնավիրուսի լայն տարածման և ցամաքային ու օդային հաղորդակցության սահմանափակումների պայմաններում մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար քաղաքացի։
«Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից` 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հանդկաստանից` 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից` 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից` 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի»,- տարբեր քաղաքներից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թվերն է հրապարակել նախարար Մնացականյանը։