Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանը՝ ՀՀ վարչապետից անհապաղ պաշտոնական բացատրություն է պահանջել:
Ինչպես հայտնել էինք, այսօր Ալեքսանդր Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Լավրովի պնդմամբ՝ քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են:
«Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ»,-նշել է Ռուսաստանի արտգործնախարարը:
««Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, հունվարի 25, 2020, Կապան
«Есть проекты, которые в апреле прошлого года в Москве на встрече министров иностранных дел России, Армении и Азербайджана с участием сопредседателей были распространены, и они сейчас активно обсуждаются».
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, ապրիլի 21, 2020
Անհապաղ պահանջում եմ պաշտոնական բացատրություն և արձագանք ՀՀ վարչապետի կողմից ՌԴ ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունների առնչությամբ, այդ թվում՝ խնդրի կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ:
Բավ է բոլորին դնեք էշի տեղ:
Այս հարցով հաստատ մի «ահավոր բազար» է հասունանում շուտով»,-գրել է Արմեն Աշոտյանը: