Հայաստանի նախագահի աշխատակազմը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Արմեն Սարգսյանի՝ քաղաքացիներին ուղղված խորհուրդը:
Այն ամբողջությամբ՝ ստորև.
«Իմ խորհուրդը.
Սիրելի՛ բարեկամներ,
կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու, մեկ-երկու օր թեթև ջերմելու եք կամ, գուցե, դա էլ չունենաք և ասեք՝ «Սա՞ էր կորոնավիրուսը»։ Այո՛, դա էր կորոնավիրուսը, եթե ունեք երիտասարդ և առողջ մարմին, բայց այդ կորոնավիրուսը կրողը վարակը կարող է փոխանցել ուրիշներին, և նրանցից ոչ բոլորն են ձեզ պես առողջ ու երիտասարդ։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։
Հետևաբար, եղե՛ք պատասխանատու»։
Նշենք՝ պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի 1401 դեպք է արձանագրվել, բուժվածների թիվն ավելացել է 29-ով՝ հասնելով 609-ի, մահվան ելքերի թիվը 24 է:
Իս աշխարհում, ըստ միջազգային worldometers պորտալի՝ կորոնավիրուսով հիվնադների թիվը 2 մլն 501 հազար 919 է, հիվանդությունից ապաքինվել է 658 հազար 954 մարդ, իսկ մահվան ելքերը հատել են 171 հազարի շեմը: