Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն այսօր տածած հայտարարությամբ ափոսոսանք է հայտնել ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։
«Խորհուրդը հարգում է գործադիր տնօրենի անձնական պատասխանատվություն կրելու որոշումը՝ ընդունելով նրա հրաժարականը։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։
Խորհուրդը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։
Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։ Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։
Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար»,-ասված է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի տարածած հայտարարությունում:
Նշենք՝ օրեր առաջ՝ ապրիլի 18-ին, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվեցին կադրեր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 17-ի հեռուստատեսային ուղերձի նախապատրաստական փուլից, որից հետո վարչապետի աշխատակազմի և «Առաջին ալիքի» միջև հեռակա բանավեճ ծագեց: Վարչապետի ելույթի ուղիղ եթերն ապահոված Հանրային «Առաջին ալիքը» կադրերի շրջանառությունից կարճ ժամանակ անց հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որՀՀ կառավարության հորդորով Հանրայինը ապահովել է հեռարձակվող ուղերձի բաց կապուղի, որից օգտվել են թվով 8 հեռուստաընկերություններ: Շեշտվեց, որ «Հանրայինից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»։
Հանրայինի այս պարզաբանումից հետո Նիկոլ Փաշինյանի խոսնակը հայտարարեց, որ հանրային միջոցներով սնվող «Առաջին ալիքում» պրոֆեսիոնալիզմի հետ կապված խնդիր ունեն:
«Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։
Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։
Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչև վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը»,-նշել էր Մանե Գևորգյանը՝ շեշտելով, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:
Հանրայինից արձագանքեցին՝ «Վարչապետի հետ ուղիղ աշխատանքը վերապահված է ոչ թե Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներին, այլ վարչապետի աշխատակազմին:
Ինչպես նախկինում, այս դեպքում էլ ուղիղ եթերից առաջ տրամադրվել է բաց կապուղի ՀՀ կառավարության հորդորով, որից րոպեներ առաջ կատարվել է կապուղու փորձարկում, որպեսզի հեռարձակող հեռուստաընկերությունները կարողանան ստուգել հնարավոր խնդիրները և լուծել դրանք:
Եթերից առաջ հեռուստաընկերության աշխատակիցը ներկաներին բարձրաձայն տեղեկացրել է ՝ մենք REC. ենք, ինչը նշանակում է՝ մենք ձայնագրման փուլում ենք: Սա պարտադիր ընթացակարգ է:
Նկարահանման ամբողջ ընթացքին ներկա են եղել ինչպես վարչապետի խոսնակը, այնպես էլ տեղեկատվական վարչության աշխատակիցները: Հեռուստաընկերության որևէ աշխատակից առանց հատուկ ցուցման կամ թույլտվության չի կարող թողնել իրեն վստահված տեղը»:
Ինչևէ, երկուստեք տարածած հայտարարություններն այդպեսէլ չեն տվել այն հարցի պատասխանը, թե Նիկոլ Փաշինյանի ուղերձի «եթերից դուրս մնացած» կադրերը ինչպե՞ս են հայտնվել համացանցում: