Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ֆեսյբուքյան ուղիղ եթերում հոգևորականության մասին հնչեցրած գնահատականներին։
Հայտարարությունում ասված է.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։
Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։
Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում ««Մեծ հիասթափության» մոդելավորումը» վերտառությամբ գրառմամբ խոսել է հիասթափությունների մասին՝ նշելով, որ իշխանությունից այսօր հիասթափված են Սփյուռքի կառույցները, հոգևորականությունը, փորձագիտական շրջանակները, օլիգարխները, ինչպես նաև այլ շրջանակներ:
Մասնավորապես, անդրադառնալով հոգևորականություն շրջանում հիասթափություններին՝ վարչապետը նշել էր, որ կոնկրետ պատճառներ կան դրա համար:Նրա գնահատմամբ՝ ՀՀ-ում որքան ընդգծվում է գաղափարական իշխանության գոյության փաստը, այնքան ակնհայտ է դառնում հոգևոր կյանքի սակավությունը:
«Հոգևորականության գործունեության մեջ շատ դեպքերում տեսնում ենք քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից և դրա գաղափարախոսությունից բխող գործունեություն»,-շեշտել էր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ օրերս Ամենայն Հայոց Կաթողիկոսն դիրքոշում էր հայտնել, որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր են համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։ Միաժամանակ ընդգծվել էր, որ դիրքորոշումը խարսխված է սիրո և գթասրտության պատգամի վրա: