«Բամբիռ» և «Լավ էլի» սիրված ռոք խմբերը երկրպագուներին տոն կնվիրեն օնլայն ելույթով, որի ընթացքում կկատարեն իրենց լավագույն ստեղծագործությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգն ուղիղ կհեռարձակվի ապրիլի 20-ին, ժամը 20:00-ին ՀՀ կառավարության պաշտոնական էջում:
ՀՀ կառավարությունն իրականացնում է «ոչ Պաշտոնական» համերգները՝ փորձելով հետաքրքիր դարձնել կորոնավիրուսի տարածման պատճառով մեկուսացված քաղաքացիների առօրյան: Նախաձեռնության շրջանակում ելույթներ են ունեցել դաշնակահար Տիգրան Համասյանը, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Արտո Թունջբոյաջյանը և Armenian Navy Band-ը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը:
«Բամբիռ» խումբը հիմնվել է 1978 թվականին Գյումրիում: Խմբի անդամներն էին Գագիկ «Ջագ» Բարսեղյանը, Գուրգեն Հակոբջանյանը և Թաթուլ Եղիազարյանը։ 1982-ին մասնակցելով Լիդի փառատոնին՝ խումբն արժանացավ «Ֆոլկ-երաժշտություն» մրցանակին։ 1992 թվականին հավաքվում է խմբի նոր սերունդը՝ Նարեկ Բարսը, Արիկ Գրիգորյանը, Արման Քոչարյանը և Աշոտ Կորգանյանը:
2003 թվականին Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում խումբն արժանանում է «Լավագույն ռոք-խումբ» մրցանակի։ 2007-ին Աշոտ Կորգանյանըլքում է խումբը, և թմբկահարի տեղը զբաղեցնում է Վարդան Փարեմուզյանը։ 2010 թվականին խումբը մասնակցում է Eurovoice միջազգային մրցույթին «That's Fine With Us» երգով, և զբաղեցնում երրորդ տեղը:
Այժմ խմբին միացել է քանոնահարուհի Մար Մարգարյանը:
«Լավ էլի» ալտերնատիվ ռոք-խումբը կազմավորվել է 1996 թվականին Վանաձորում: Այն հիմնել են Մհեր Մանուկյանն ու Գոռ Մխիթարյանը: Նրանց են միացել Վահե Տերտերյանը և Դավիթ Գրիգորյանը: Խմբի «Առաջին ԼԱՎ Ալբոմ»-ում տեղ են գտել հայերեն և անգլերեն երգեր:
1999 թվականին թողարկվել է խմբի երկրորդ «Essays» ալբոմը, որի շնորհիվ խումբը ճանաչվեց ամբողջ Հայաստանում, իսկ «Ճամփորդական» և «Գտա քեզ երկնքում» երգերը հիթեր դարձան։
«Լավ էլի»-ն այժմ բավականին ակտիվ գործունեություն է ծավալում՝ պարբերաբար ելույթներ ունենալով երաժշտական ակումբներում: Քիչ չեն նաև բացօթյա համերգները: