Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 1-ով՝ ընդհանուր թիվը հասցնելով 7-ի, ապաքինվել է երկու մարդ:
Արցախի տեղեկատվական շտաբից հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը՝ հայտնում են.
«Նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել:
Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:
Ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:
Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ՝ հետազոտության արդյունքները ստանալուց հետո»:
Հիշեցնենք՝ Արցախում ապրիլի 12-ից արտակարգ դրություն է հայտարարված, այն կգործի մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ն ներառյալ: Հայկական երկրորդ հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարում ակնկալում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությունը: