Կենտրոնական բանկը նոր նախագահ ունի. այդ պաշտոնում 12 տարի նախագահած Ջավադյանին կփոխարինի Գալստյանը - RadioVan.fm

Онлайн

Կենտրոնական բանկը նոր նախագահ ունի. այդ պաշտոնում 12 տարի նախագահած Ջավադյանին կփոխարինի Գալստյանը

2020-04-17 15:19 , Экономика, финансы, 1700

Կենտրոնական բանկը նոր նախագահ ունի. այդ պաշտոնում 12 տարի նախագահած Ջավադյանին կփոխարինի Գալստյանը

ՀՀ Ազգային Ժողովում այսօր կայացած գաղտնի քվեարկության արդյունքում Մարտին Գալստյանն ընտրվել է ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը խորհրդարանի ամբիոնից հայտնել է, որ քվեարկությանը մասնակցել է 119 պատգամավոր՝ քվեների 104 կողմ և 15 դեմ հարաբերակցությամբ, անվավեր քվեներ չեն եղել:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ԿԲ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:

Նշենք՝ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկի հիման վրա Մարտին Արտաշեսի Գալստյանի թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը՝ հղում անելով ՀՀ Սահմանադրության 201-րդ հոդվածի առաջին մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի երկրորդ մասին:

Մարտին Գալստյանը ծնվել է 1978 թվականին։ 2002թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետը, տնտեսագիտության թեկնածու է։ 2009-2010թթ. ուսանել է Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու անվան Կառավարման դպրոցում, ստացել` հանրային կառավարման մագիստրոսի որակավորում։

1998 -10.02.2015 թթ. եղել է ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական գործառնությունների վարչության դիլեր, պորտֆելի կառավարիչ, բաժնի պետ, Վիճակագրության վարչության պետ։ 10.02.2015 - 11.09.2018 թթ. ղեկավարել է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնը։ 11.09.2018թ. ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ է։

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Մարտին Գալստյանը կփոխարինի Կենտրոնական բանկը 2008-ից նախագահած Արթուր Ջավադյանին:

Лента

Рекомендуем посмотреть