«Պարետատո՜ւն, հե՜յ, ո՞վ կա այնտեղ, լսո՞ւմ եք.
Դուք պարտավոր եք ապահովել մանկավարժների անվտանգությունը»,-ֆեսբուքյան իր էջում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին ուղղված հայտարարությունում նշել է հասարակական-քաղաքական գործիչ, կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով կրթական գերատեսչության՝ ուսուցիչներին հղած շրջաբերականին:
Նշենք՝ ապրիլի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հրաման է ուղարկել դպրոցներ՝ 2019-2020 թվականի երկրորդ կիսամյակի մատյանների ողջ տվյալները մինչև ապրիլի 20-ը էլեկտրոնային մատյանների մեջ փոխանցելու պահանջով:
«1․ Դպրոցները, նաև մատյանները պետք է ախտահանվեին, որից հետո նոր թույլ տրվել մանկավարժների մուտքը դպրոց, որովհետև հավանաբար կորոնավիրուսով վարակված աշակերտներ ու մանկավարժներ էլ են եղել, գոնե մեկ դպրոցի մասին ունեմ հստակ տեղեկություն։ Ընդ որում այդ դպրոցի շենքում միաժամանակ 2 դպրոցի աշակերտներ և մանկավարժներ են մտնում-դուրս գալիս ու ախտահանում այնտեղ չի եղել։
Արդյո՞ք դպրոցի շենքերն ու մատյաններն ախտահանվել են, քանի որ ԿԳՄՍ նախարարի հրամանն առանց շենքեր մտնելու և մատյաններին ձեռք տալու հնարավոր չէ կատարել։
2․ Տրանսպորտի բացակայության պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում մանկավարժներին պարտադրված այս տեղաշարժը, որը հակասում է Ձեր որոշումներին։ Այսօր իմ աղջիկը 9․30-ին գնաց դպրոց ու ետ եկավ տաքսիով, չգիտեմ ախտահանում իրականացվել էր դպրոցի շենքում, թե՝ ոչ, բայց ես անհանգիստ եմ։
Վերջապես, ինձ շատ հետաքրքիր է, թե ԿԳՄՍ նախարարի սույն հրամանը, որի վերաբերյալ շրջաբերական չի ստացել առնվազն մի դպրոց և որը հակասում է Ձեր հրամանին, քննարկվել է Ձեզ հետ և Ձեր կողմից նշածս վերոնշյալ ախտահանման և մանկավարժների տեղաշարժման հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես դա արել եք գործատուներին, հանձնարարականներ տրվել են»,-Տիգրան Ավինյանին հասցեագրված հայտարարությունում նշել է Անահիտ Բախշյանը։
Նշենք՝ ուսուցիչների շրջանում Էլեկտրոնային մատյաններում գնահատականների մուտքագրման պահանջի վերաբերյալ նախարարի հրամանը միանշանակ չի ընդունվել, նրանցից շատերն իրենց անհանգստությունն ու դժգոհությունն էին հայտնել:
«Դուք մոռանում եք,որ արտակարգ դրություն է,ուսուցիչները աշխատանքի չեն գնում։ Բոլորդ գիտեք,որ գործող տրանսպորտ չկա,տեղաշարժման խնդիր կա։ Հետաքրքիր է, թե մատյանները ոնց ենք վերցնելու։ Իսկ կասեք օպերատորը քանի աշակերտի գնահատական կարող է մուտքագրել՞»,-նախարարության ֆեյսբուքյան պարզաբանման ներքո գրել է Անի Թորոսյանը
Անգել Անգել անվամբ մեկ այլ օգտատեր էլ նշել է. «Դե բավակա'ն եղավ էլի: Կարելի էր գոնե ամեն առարկայից միջինացված գնահատական անցկացնել: Ուսուցիչներն առանց այն էլ արդեն ո'չ առողջություն ունեն, ո'չ էլ ժամանակ` բովանդակությունը թողած` ձևի հետևից ընկնելու... Որոշում կայացնելիս դպրոցում աշխատող ուսուցիչ էլ կանչեք, որ ամպերից իջեցնի ներքև..»:
Անահիտ Բախշյանի հրապարակման ներքո էլ Տաթևիկ Մխիթարյան օգտատերը հետևյալ մեկնաբանությունն է թողել.
«Տիկին Բախշյան, խնդրում ենք, մեր ձայնը հասցրեք պատկան մարմիններին, տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում: Չի կարելի մարդուն ՍՏԻՊԵԼ աշխատել հանգստյան օրերին՝ առանց լրացուցիչ վարձատրության: Արդեն իսկ ոտնահարվեց կարանտինում մնալու մեր իրավունքը, ուսուցիչները չեն ցանկանում կատարել այդ անիմաստ աշխատանքը, ես ինքս չեմ կատարելու: Պետք է մի օր սովորե՞ն մեզ հարգել, թե ոչ…»:
ԿԳՄՍՆ կողմից Էլեկտրոնային մատյաններում գնահատականների մուտքագրման պահանջին անդրադառնալով` Dasaran-ը հանդես է եկել ամենաօպտիմալ տեխնիկական լուծումով՝ նշելով, որ դա կնպաստի այս օրերին 34,721 ուսուցչի ծանրաբեռնվածության թեթևացմանը:
Այդ մասին խոսել է Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, մանրամասները՝ տեսանյութում: