Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքեր կարտադրվեն - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքեր կարտադրվեն

2020-04-16 18:04 , Наука, HiTech, 1627

Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքեր կարտադրվեն

Նոր տիպի Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերները հաղթահարելուն և առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է թոքերի արհեստական շնչառական (ԹԱՇ) սարքերի գաղափարների մասնագիտական ուսումնասիրության և նախագծման աշխատանքների իրականացման նպատակով «Ինժիներական Ասոցիացիա» ՀԿ-ին առանց մրցույթ, որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ դրամ:

Գումարը կհատկացվի 2020 թ. պետբյուջեով «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված միջոցներից: Դրամաշնորհի շրջանակում «Ինժիներական Ասոցիացիա» պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց կողմից ներկայացված համագործակցության առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները: Կկազմակերպվեն ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքներ՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը: Հիմնավորման համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարել էր ԹԱՇ սարքավորումների նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների հավաքագրման գործընթաց, որի արդյունքում ստացվել է ավելի քան 280 հայտ և առաջարկ:

«Այս որոշման արդյունքում հնարավորություն կունենանք թոքերի արհեստական շնչառության սարքերի ներքին պահանջարկը բավարարել, աջակցել առողջապահական համակարգին»,-նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի և ունենալ աշխատող սարքավորում, որոնք շուկայական գնից կրկնակի էժան են լինելու, հնարավորություն կլինի ամսական արտադրել 40-50 սարք:

«Ներկայումս համավարակի պատճառով ամբողջ աշխարհում առկա է ավելի քան 880 հազար թոքերի արհեստական շնչառական սարքի պահանջարկ: Սա նաև հնարավորություն է, որ հայկական ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա, որը շատ նեղ ու լուրջ շուկա է»,-ասել է Արշակյանը:

Лента

Рекомендуем посмотреть