Հայաստանի խմելու ջրի միակ օպերատոր «Վեոլիա Ջուր» ընկերությունը, կարևորելով կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում բժիշկների և բժշկական հաստատությունների դերը, որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։
Այդ մասին հայտնում են ընկերությունից՝ միաժամանակ թվարկելով հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկը:
Ցանկում ներառված են՝
-«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը,
-Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը,
-Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը,
-«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը,
-Արտաշատի բժշկական կենտրոնը,
-Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը,
-Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը,
-Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը,
-Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։ ««Վեոլիա Ջուր»-ը համոզված է, որ միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաղթահարել մեր առջև ծառացած լուրջ մարտահրավերը»,-շեշտում են ընկերությունից՝ հավելելով, որ շարունակում են աշխատել արտակարգ դրության պայմաններում և ծառայություններ մատուցել բազմահազար հաճախորդներին, ինչպես նաև կենսական կարևորության կազմակերպություններին։