Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել, որում հորդորվում է «չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի»։
Հիշեցնենք՝Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավելի վաղ դիրքրոշում էր հայտնել, որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր են համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հայտարարությունում, ահա, ասված է․
«Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի պատասխան News.am գործակալության հարցման կատարված հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում և անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների։
Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը՝ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։
Ցավոք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։
Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»։
Հիշեցնենք՝ մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից: