Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ:
Վարչապետի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ այս տարին եղբայրական եզդի ժողովրդի համար նշանավորվի արևշատությամբ, բարօրությամբ և խաղաղությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը, հաղթահարելով ժամանակի փորձությունը, զարգացել և ամրապնդվել է՝ թողնելով մեզ հարուստ ժառանգություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և համերաշխության վրա:
Հավատացած եմ, որ բարեկամ եզդի ժողովրդի հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ապահովել Հայաստանի առաջընթացն ու բարեկեցությունը:
Թող գարնանային ջերմությունը և թարմությունը միշտ ուղեկից լինեն ձեզ՝ պարգևելով առողջություն, ուժ և եռանդ»: