0-18 տարեկան յուրաքանչյուր երեխային միանվագ 26.500 դրամի աջակցության ծրագիրը գործարկվել է. որո՞նք են պայմանները - RadioVan.fm

Онлайн

0-18 տարեկան յուրաքանչյուր երեխային միանվագ 26.500 դրամի աջակցության ծրագիրը գործարկվել է. որո՞նք են պայմանները

2020-04-14 18:26 , Общество, 2244

0-18 տարեկան յուրաքանչյուր երեխային միանվագ 26.500 դրամի աջակցության ծրագիրը գործարկվել է. որո՞նք են պայմանները

ՀՀ կառավարությունը Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական միջոցառումներով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը այս պահի դրությամբ վերապահել է 5 միջոցառման կատարում:

Որո՞նք են դրանք, ովքե՞ր են շահառուները՝ ներկայացնում ենք ամբողջությամբ:

1․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ միջոցառում. շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա (2006 թվականի ապրիլի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխա) և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.

2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ չի աշխատում կամ զրկված է ծնողական իրավունքներից, կամ մահացած է, կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած, կամ անհայտ կորած.

3) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:

Հրատապ դրամական աջակցությունը չի նշանակվում, եթե՝

1) աշխատանքից ազատված ծնողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է ծնողի համար հունվար և փետրվար ամիսներին հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

2) ծնողը 2020 թվականի մարտի 25-ի (ներառյալ) դրությամբ՝

ա. աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա, կամ

բ. հանդիսացել է անհատ ձեռնարկատեր և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչև 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով:

Աջակցության տրամադրման համար անհրաժեշտ չէ որևէ դիմումի ներկայացում: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն:

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով (բացառությամբ, եթե շահառուն ներկայացրել է դրամական աջակցությունը համապատասխան համաձայնագիր կնքած այլ բանկի միջոցով վճարելու դիմում):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

2․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 6-րդ միջոցառում. շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ, առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝

1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը (հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով).

2) ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.

3) 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.

4) ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։

Սույն ծրագրի շահառու չեն կարող դառնալ նաև այն քաղաքացիները, ովքեր աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններում, ներդրումային կազմակերպություններում, ներդրումային ֆոնդերում, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպմամբ և այլ նմանատիպ գործունեությամբ զբաղվող ընկերություններում:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով` 68,000 ՀՀ դրամի չափով:

Աջակցության տրամադրման համար անհրաժեշտ չէ որևէ դիմումի ներկայացում: Աջակցությունը նշանակում և վճարում է Սոցիալական ապահովության ծառայությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և հարկային մարմնից ստացված տվյալները՝ 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ:

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով:

3․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում. շահառու է բժշկական կազմակերպություններում հաշվառված և 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ (ներառյալ) առնվազն 12 շաբաթական և ոչ ավելի քան 34 շաբաթական հղիություն ունեցող կինը (այսուհետ՝ հղի կին), ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չի հանդիսանում վարձու աշխատող և.

1) նրա ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք (չի հանդիսանում վարձու աշխատող), անհատ ձեռնարկատեր չէ (կամ անհատ ձեռնարկատեր է, սակայն այդ օրվա դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցրել է գործունեությունը) և չի հանդիսանում ՀՀ կառավարության 09.04.2020թ. N 500-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված միկրոձեռնարկատիրության սուբյեկտ.

2) չունի ամուսին (չունի ՔԿԱԳ մարմիններում գրանցված ամուսնություն կամ ամուսնալուծված է կամ ամուսինը մահացած է)։

Ընդ որում, վարձու աշխատող չէ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը։

2. Անձը չի կարող օգտվել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառմամբ նախատեսված օժանդակությունից, եթե հանդիսանում է 4-րդ (ՀՀ կառավարության 26.03.2020թ. N 358-Լ որոշում), 6-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 410-Լ որոշում) և 8-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 412-Լ որոշում) միջոցառումների շահառու։

3. Դրամական օժանդակության չափը 100 000 դրամ է, տրամադրվում է հղի կնոջը միանվագ՝ անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով):

4. Միանվագ դրամական օժանդակության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց, ինչպես նաև չի մտնում ընտանիքի անապահովությունը գնահատելիս ընտանիքի ամբողջական եկամտի հաշվարկի մեջ չի մտնում։

Գումարը ստանալու համար, անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ վճարող բանկի ցանկացած մասնաճյուղ։

7-րդ միջոցառման շահառուների ցանկը կարող է համալրվել։ Ըստ այդմ՝ Ձեր տվյալները գործարկված համակարգի շահառուների ցանկում չգտնելու դեպքում՝ փորձեք որոնել որոշ ժամանակ անց:

4․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառում.

Դրամային մեկանգամյա աջակցություն ստանալու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր 2020թ-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ կամ անհատ ձեռնարկատերեր՝

-հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,

-հանրային սննդի ծառայություններ,

-զբոսաշրջային ծառայություններ,

-վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,

-մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

  • Բացառություն են այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ։

-Եթե աշխատողի հունվար և փետրվար ամիսների միջին աշխատավարձը գերազանցում է 68․000 դրամը, ապաաջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի 50%-ը, բայց ոչ պակաս, քան 68.000 դրամը և ոչ ավել, քան 136.000 դրամը։

-Եթե վարձու աշխատողի միջին աշխատավարձը ցածր է 68.000 դրամից, ապա աջակցության չափը կկազմի միջին աշխատավարձի չափով։

-Անհատ ձեռներեցներին տրամադրվող աջակցության չափը կազմելու է 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 %-ի չափով, բայց ոչ ավել, քան 136.000 դրամը։

Օրինակ 1 Վերը նշված ոլորտի վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 100.000 դրամ, փետրվար ամսին՝ 110.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 105.000 դրամը գերազանցում է նվազագույն աշխատավարձի գումարը, իսկ միջին աշխատավարձի 50%-ը` 52.500 դրամը՝ ոչ, ապա աջակցությանչափը կկազմի 68.000 դրամ:

Օրինակ 2 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 200.000 դրամ, փետրվար ամսին՝ 200.000 դրամ: Միջին աշխատավարձի 50%-ը կկազմի 100.000 դրամ և նա կստանա հենց այդ չափով՝ 100.000 դրամ աջակցություն:

Օրինակ 3 Վարձու աշխատողի առձեռն աշխատավարձը կազմել է հունվար ամսին 10.000 դրամ, փետրվար ամսին՝ 40.000 դրամ: Քանի որ միջին աշխատավարձը՝ 25.000 դրամը, չի գերազանցում նվազագույն աշխատավարձի գումարը, ապա աջակցության չափը կկազմի 25.000 դրամ:

Օրինակ 4 Անհատ ձեռնարկատիրոջ 2019թ-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառությունը կազմել է 500.000 դրամ, աջակցության չափը կկազմի դրա 10%-ի չափով՝ 50.000 դրամ:

5․ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում. շահառու են մինչև 18 տարեկան երեխա (երեխաներ) ունեցող ընտանիքները, որոնք բավարարում հետևյալ պայմաններին՝

1) Երեխայի երկու ծնողը կամ միայնակ ծնողը 2020թ. մարտի 12-ի դրությամբ չի ունեցել գրանցված աշխատանք և 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում չի ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի․

2) մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ. մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գտնվել են Հայաստանում․

3) 2020 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք ունենալու դեպքում՝ երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի հանրագումարի կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը չի գերազանցել է 500 000 դրամը.

4) երեխայի ընտանիքը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չէ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության միավորը բարձր չէ 28.00-ից.

5) անհատ ձեռնարկատեր հանդիսացող երեխայի ծնողների կամ ծնողներից մեկի գործունեությունը 2020 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված է,

6) եթե ընտանիքը չի հանդիսանում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման (ՀՀ կառավարության 09.04.2020թ. N 500-Լ որոշում) շահառու:

2. Սույն միջոցառման շահառու են նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են 4-րդ (ՀՀ կառավարության 26.03.2020թ. N 358-Լ որոշում), 6-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 410-Լ որոշում), 7-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 411-Լ որոշում) և 8-րդ (ՀՀ կառավարության 30.03.2020թ. N 412-Լ որոշում) միջոցառումներից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվելու նշված որոշումներով հաստատված միջոցառման աջակցությունից և դիմելու սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար:

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 դրամ գումարի չափով` անկանխիկ եղանակով (բանկերի միջոցով), ծնողներից մեկին (միայնակ ծնողին):

4. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած ընտանիքների տվյալները հրապարակվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Սույն միջոցառման շրջանակներում, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցվող ծառայությունը չեն համարվում հիմնական, մշտական կամ ժամանակավոր աշխատանք, իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլյ վճարումներում չի հաշվարկվում:

Պարզելու համար, հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված վերը թվարկված սոցիալական ծրագրերի շահառու, թե ոչ՝ կարող եք պարզել այցելելով գործարկված Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների՝ https://dimum.ssa.am/ համակարգ, որի միջոցով էլ կարող եք ուղարկել Ձեր դիմումը՝ աջակցություն ստանալու համար:

Лента

Рекомендуем посмотреть