ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրել է կառավարության՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը հաստատելու մասին որոշումը, ըստ որի աջակցություն կտրվի բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների պայմանագիր կնքած բնակիչ բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝
- բնական գազի սպառման գծով 10 001-30 000 դրամ ներառյալ,
- էլետրական էներգիայի սպառման գծով 5 001-10 000 դրամ ներառյալ:
Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր բաժանորդի կողմից նշյալ ամսում սպառած համապատասխանաբար գազի և հոսանքի դիմաց վճարի 30%-ի չափով:
Համաձայն որոշման հավելվածի՝ առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչև 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հաստատել էր Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը, ըստ որի էլ 50%-ի չափով աջակցություն կտրամադրվի փետրվարին մինչև 10 000 դրամի գազ ու մինչև 5000 դրամի լույս սպառած շուրջ 600 000 քաղաքացու: Վարչապետ Փաշինյանը հետևյալ հիմնավորումն էր հնչեցրել. «Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա։ Մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք, ու այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցում գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը»:
Նշենք՝ թե´ 11-րդ և թե´ 12-րդ միջոցառումների շրջանակում որպես աջակցություն տրամադրվող գումարը փոխանցվում է բնական գազ և էլեկտրական էներգիա մատակարարող ընկերություններին միջոցառման շահառու համարվող բնակիչ բաժանորդներին հետագա փոխանցման պայմանով։ Ընդ որում՝ պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար: