Հայաստանը Թուրքիային քաղաքացիների տեղափոխման հարցի շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով չի դիմել. ՀՀ ԱԳՆ խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը Թուրքիային քաղաքացիների տեղափոխման հարցի շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով չի դիմել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

2020-04-13 18:50 , Политика, 1378

Հայաստանը Թուրքիային քաղաքացիների տեղափոխման հարցի շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով չի դիմել. ՀՀ ԱԳՆ խոսնակ

«Թուրքիայի կողմից Հայաստանի շարունակվող ցամաքային շրջափակման, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում՝ երկու երկրների փոխգործակցության հնարավորություններն էականորեն սահմանափակ են և պահանջում են իրական բարի կամք ու վստահության ստեղծում: Ցավոք սրտի, թուրքական կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում հնչած որոշ հայտարարությունները չեն նպաստում համագործակցության ապաքաղաքականացված և մարդասիրական միջավայրի ձևավորմանը: Հատկապես ափսոսանքի է արժանի երրորդ երկրի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության, ժողովուրդների բարեկամության և ազգային խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունքը ու անհարկի քաղաքականացումը»,-այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Հայաստանին տրամադրված օգնության արկղերի վրա գրառման առնչությամբ պարզաբանում տալու համար Չինաստանի դեսպանի՝ Թուրքիայի ԱԳՆ հրավիրվելու փաստին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ուղարկված բժշկական պարագաներով արկղերի վրա Արարատ լեռան հիշատակման առնչությամբ պաշտոնական Անկարան այդ երկրում Չինաստանի դեսպանիցպարզաբանում է պահանջել:

ՀՀ ԱԳՆ խոսնակը միաժամանակ անդրադառնալով Թուրքական կողմի այն հայտարարությանը, թե նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանն օգնություն է խնդրել Թուրքիայից և վերջինս պատրաստ է տրամադրել այդ օգնությունը՝ նշել է.

«Մենք արդեն իսկ նշել ենք, որ Հայաստանի կողմից շարունակական ջանքեր են ձեռնարկվում այսօր դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ՝ հատկապես այն երկրներից, որտեղ լայն տարածում է ստացել նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն իսկ ուրբաթ օրը Հայաստան են տեղափոխվել Թուրքիայում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած մեր 73 քաղաքացիներ. այս հարցում ՀՀ ԱԳՆ պաշտոնական օղակները համագործակցել են թուրքական և վրացական համապատասխան մարմինների հետ: Թուրքական կողմի հետ համագործակցությունը սահմանափակվել է միայն այս շրջանակով, և Հայաստանը չի դիմել այս շրջանակից դուրս որևէ այլ աջակցության խնդրանքով»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել կորոնավիրուսի պայքարի շրջանակում Հայաստանին դեղորայքի հարցում օժանդակություն ցուցաբերել։

Лента

Рекомендуем посмотреть