Այսօր ՀՀ ոստիկանությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկում է կիրառել պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմ՝ չնախատեսված վայրերում աղբ թափելու պրակտիկան նվազեցնելու նպատակով:
Միաժամանակ, առաջարկվում է նշյալ դեպքերի վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ երկակի վարչարարությունից խուսափելու նպատակով:
«ՀՀ մարզերում և Երևան քաղաքում վերջին հինգ տարում չնախատեսված վայրում աղբ թափելու վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, ինչի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 ՀՀ դրամ:
Մասնավորապես, Երևան քաղաքում իրականացվել է 3 990 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 ՀՀ դրամ, ընդ որում, մարզերից չորսում որևէ վարույթ չի հարուցվել:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Հավելենք՝ նշյալ նախագիծը բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև ս.թ. ապրիլի 28-ը: