Թարմ հաց, Զատիկի տոնի համար ձու, բրինձ. այս, սննդային փաթեթում ներառված շատ այլ մթերքներ և հիգիենիկ պարագաներ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր հասցվեցին Երևանում բնակվող միայնակ տարեց 71-ամյա Վարդիշաղ Բեգոյանին:
Կնոջ մոտ փոքր տարիքում մանկական պոլիոմելիտ է ախտորոշվել, որից, չնայած վիրահատություններին, նա այդպես էլ չի ապաքինվել: Տիկին Վարդիշաղը ծնունդով Արթիկ քաղաքից է, 1970-ականներին ընտանիքի հետ տեղափոխվել է մայրաքաղաք: Ուսուցչուհի մորը և ֆինանսիստ հորը կորցրած 1-ին կարգի հաշմանդամ կինը 2003 թվականից միայնակ է մնացել, այսօր նրա մասին հոգ է տանում քույրը՝ գերմաներեն լեզվի նախկին ուսուցչուհի 68-ամյա Սուսաննան:
Քույրերի առօրյայում հատուկ տեղ է զբաղեցնում ընթերցանությունը: Գրքերը 8-ամյա կրթություն ստացած Վարդիշաղի կյանքի անբաժան ընկերներն են:
Հատուկ կոշիկների ու քայլակի օգնությամբ քայլող կինը բարություն, առողջություն ու երջանկություն է մաղթում երիտասարդներին, իսկ «Ռադիո Վան»-ի այն հարցին, թե ինչպես է պետք հաղթահարել դժվարությունները՝ նա իր բանաձևն է ասում՝ «լռությամբ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
1«Առաքելություն Հայաստան» կազմակերպության ղեկավարությունը տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց մեկամսյա սննդային փաթեթների տրամադրման գործին ձեռնամուխ է եղել ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից: Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործընկերությամբ և «Հայ» ասոցիացիայի հետ համագործակցությամբ:
Բաշխման ցուցակներում ներառված է շուրջ 3826 տարեց, սակայն ինչպես «Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց «Առաքելություն Հայաստան»-ի սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար Աննա Գրիգորյանը՝ շահառուների թիվը ընթացքում ավելանում է:
Հոգատարություն, բարություն և անմնացորդ նվիրում. Կազմակերպության անդամներն այս օրերին կամավորների հետ միասին հենց այսպես են իրականացնում իրենց առաքելությունը՝ տարեցների շրջանում կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը չեզոքացնելու նպատակով:
Հավելենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել մարտի 16-ից երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, որը ավարտվելու էր ապրիլի 14-ի 17:00-ին:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան