Երևանի բնակիչ 70-ամյա Ռոզա Մելքոնյանն արտակարգ դրության այս օրերին էլ շարունակում է ծաղիկներ վաճառել:
3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող կնոջ ուսերին է շիզոֆրենիա ախտորոշմամբ որդու՝ 38-ամյա Հարություն Մելքոնյանի և ևս երեք զավակների ու թոռան խնամքը:
Նշում է՝ իր ստացած 31 000 դրամ կենսաթոշակը և տղայի 26 500 դրամ հիվանդության թոշակը չի բավարարում անգամ կենսական կարիքները հոգալուն: Արտակարգ իրավիճակով պայմանավորված էլ՝ այս օրերին ո´չ արհեստավոր որդին է աշխատում, ո´չ էլ՝ 28-ամյա աղջիկը Սյուզաննան, որը պարուհի է:
Ամուսնու մահից 16 տարի է անցել, սակայն բազմազավակ մայր տիկին Ռոզան ոչ մի օր ձեռքերը ծալած չի նստել, ցանկացած աշխատանք անում է գումար վաստակելու համար:
«Տուն եմ մաքրում, ռեստորաններում եմ աշխատում, էս ծաղիկների շնորհիվ կարողանում եմ կերակրել իմ երեխեքին, իմ ընտանիքին: Շատ վատ դրության մեջ եմ, սոցիալական վարչությունը շատ անտարբեր է, ուզում եմ ինձ էլ ուշադրություն դարձնեն: Բնակարանս շատ վատ վիճակում է, գազ չունեմ, տաք ջուր չունեմ, խոհանոցում ախ եմ անում կռանտ ունենամ»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում նշեց Արաբկիրի 21 փողոցի, 1-ին շենքի 50 բնակարանում ապրող տիկին Ռոզան:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նկատենք, չնայած կյանքի դժվարություններին ու կենսապայմանների վատթար վիճակին, էներգիայով լի 70-ամյա կինը չի կորցնում հավատը, լավատեսությունը, ինչպես նաև բարությունը. ծաղիկները, որը նա վերավաճառում է, առանց մեկ վայրկյան մտածելու՝ ի սրտե նվիրում է անցորդներին: Այսօր՝ մեր նկարահանման պահին, այդ գեղեցիկ անակնկալին արժանացան երկու կանայք, ովքեր ուրախությամբ ընդունեցին գունեղ նվերները՝ միաժամանակ հուզվելով գրեթե իրենց հասակակից կնոջ արարքից:
Հուլիսի 3-ին տիկին Ռոզան կդառնա 71 տարեկան, հավատում է՝ այդ օրը իր կյաքում հրաշք է լինելու:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան