Երևան քաղաքի Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկում կանջատվեն լուսացույցները և երթևեկությունը փորձնական կկազմակերպվի շրջանաձև։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը՝ ժամկետների մասին որևէ տեղեկություն չհայտնելով։
Օգտատերերի հարցին ի պատասխան, թե երբվանից, քաղաքապետարանի ներկայացուցիչը գրել է․ «Լրացուցիչ կտեղեկացնենք։ Դեռ կահավորում են»։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանի գրառումից ժամեր հետո ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ փոփոխությունն արդեն այսօրվանից է լինելու։
«Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2020 թվականի ապրիլի 10-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում փորձնական կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նշված խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև, իսկ լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:
Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին»,-ասված է տարածած հաղորդագրությունում։