Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում և Ամերիկյան խորհուրդների հետ սերտ համագործակցությամբ կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ և վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան և Վրաստան: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
« Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն ԱՄՆ 19 նահանգներից դեպի Չիկագո քաղաք, այնուհետև Դոհա-Թբիլիսի չվերթով և ավտոբուսով դեպի Հայաստան:
Չիկագոյի օդանավակայանում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և Չիկագոյում ՀՀ պատվավոր հյուպատոսության կողմից հայ աշակերտներին տրամադրվել են առողջապահական անվտանգության անհրաժեշտ պարագաներ: Համակարգվել է նաև Դոհայի օդանավակայանում հայ ուսանողների դիմավորումն ու ուղեկցումը մինչ մեկնման մյուս սրահ:
Վերոնշյալ համագործակցության արդյունքում Հայաստան են վերադառնում 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի»,-հայտնում են ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունից՝ ընդգծելով, որ նշյալ ձեռնարկը Հայաստանի և Վրաստանի՝ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրադրությունում տարբեր երկրներում գտնվող քաղաքացիներին համագործակցաբար հայրենիք վերադարձնելու հերթական լավ օրինակն է:
ԱԳՆ մամլո խոսնակի ֆեյսբուքյան մեկ այլ հրապարակման մեջ հայ աշակերտներն օդանավակայանում երգում են «Էրեբունի-Երևան» երգը։