Ռիգայում կայացել է «Երեւան» անունը կրող այգու հանդիսավոր բացման արարողությանը, որին ներկա են գտնվել պաշտոնական այցով Ռիգա մեկնած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:
«Ռիգայում բացված «Երևան» անունը կրող այգին իսկապես մեծ նվեր է հանգստի գոտու հարեւանությամբ ապրող տարբեր տարիքի բնակիչների համար: Այն նաև լավագույն խորհրդանիշներից մեկն է երկու քաղաքների միջև ձևավորված ամուր բարեկամության ու հաջողված համագործակցության: Երեւանի և Ռիգայի միջև հաստատվել են հրաշալի հարաբերություններ, որի համար իմ շնորհակալությունն եմ հայտնում Երեւանի գործընկերոջս՝ Տարոն Մարգարյանին, ով իր ջանքերը ներդրեց այս համագործակցությունն իսկապես արդյունավետ դարձնելու գործում: Այգու կառուցման հարցում եւս մենք մշտապես զգացել ենք Երեւանի քաղաքապետի աջակցությունն ու հետեւողականությունը, ինչի արդյունքում է նաեւ, որ հանգստի գոտում առկա է երեւանյան շունչը: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր քաղաքի հայ և լատիշ բնակիչներին ու մաղթում հաճելի հանգիստ «Երեւան» այգում»,- նշել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը՝ ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ողջունելով ներկաներին՝ ընդգծել է. «Երեւանի և Ռիգայի միջև համագործակցությունը տարիների պատմություն ունի։ Մեր երկու երկրների միջև բարեկամական և գործընկերային հարաբերություններն օր օրի զարգանում են, որի համատեքստում ամրապնդվում են մեր երկու քույր քաղաքների կապերը։ Ուրախալի է, որ այն իրականացվում է կոնկրետ ծրագրերի միջոցով։ Այսօր էլ մենք այստեղ ենք Ռիգայում «Երեւան» անունը կրող այգու բացման առիթով, ինչի համար նախ և առաջ շնորհակալ եմ գործընկերոջս՝ Նիլ Ուշակովին, նաև իր ողջ թիմին՝ այս նախագծի կյանքի կոչմանը մեծապես աջակցելու համար: Երախտագիտությունս եմ հայտնում նաև Ռիգայի դումայի բոլոր պատգամավորներին, ովքեր միաձայն կողմ քվեարկեցին այս այգին «Երեւան» անվանակոչելու համար։ Բարձր եմ գնահատում նաև այս ծրագրի իրականացման հարցում տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Յուրի Սահակյանի և Արամ Հարությունյանի նախաձեռնությունը, նրանց ջանքերն ու կատարած աշխատանքը։ Շնորհակալ եմ նաեւ Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի պատվո հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին՝ երկու մայրաքաղաքների միջև ծրագրերի իրականացման գործում ցուցաբերվող մշտական ակտիվ աջակցության համար։ Եվ, իհարկե, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ռիգայում «Երեւան» այգու ստեղծման գործում: Վստահ եմ, որ այս գեղեցիկ այգին, որը նախագծված է հայկական և երեւանյան տարրերով, կդառնա ինչպես Ռիգայի բնակիչների, այնպես էլ մեր քույր քաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Երեւանի և Ռիգայի քաղաքապետերը, ի նշան երկու ժողովուրդների ու երկու քաղաքների բարեկամության, նաեւ կաղնի են տնկել հանգստի գոտում, որը լատիշ ժողովրդի ազգային խորհրդանիշներից մեկն է համարվում:
Նորակառույց հանգստի գոտին կահավորվել է մանկական ժամանակակից խաղերով, մարզական գույքով, ինչպես նաև «Երեւան» գրառումով նստարաններով:
Լուսանկարները՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից.