Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ապրիլի 7-ին կայացած նիստում բաշխել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորների մանդատները։
Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է 2020 թվականի մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովը համարել ընտրված:
Արցախի ԿԸՀ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ,
- «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,
- Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
- «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
- Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:
Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած Ազգային ժողովի ընտրություններում խորհրդարանի 33 մանդատի համար մրցել է 12 քաղաքական ուժ՝ 10 կուսակցություն և 2 դաշինք, որոնք միասին ունեին պատգամավորի 359 թեկնածու: