Ավիացիայի հարցերով վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն աշխատանքից ազատվել է դեռ օրեր առաջ ՀՀ վարչապետին ներկայացրած սեփական դիմումի համաձայն: Իսկ թե ինչու է Ճաղարյանն այդ քայլին գնացել՝ պատճառներն անձամբ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում կատարած պաշտոնական հայտարարության մեջ:
«Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը:
Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:
Նախորդ շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ`
-հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման;
-հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;
- և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:
Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին:
Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:
Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»,-մասնավորապես գրել է վարչապետի նախկին խորհրդականը:
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է ավիացիոն հարցերով նրա ավելի քան 1 տարվա խորհրդական Հակոբ Ճաղարյանը: