Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Այս մասին այսօր տարածած հաղորդագրությունում շեշտում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)՝ ըստ էության արձագանքելով երեկ տարածված տեղեկությանը, թե թուրքերն ու ադրբեջանցիներն ուզում են դուդուկը՝ իրենց ձևակերպմամբ բալաբանը, ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։
«Դուդուկ հայկական նվագարանը և դրա երաժշտությունը հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի բնութագրական դրսևորումներից է, այն տարածված ու կենսունակ է ոչ միայն նվագարանային կատարողական արվեստում, այլևհասարակության մեջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպություններում։ Վերջին տարիներին բազում ծրագրեր են իրականացվում դուդուկի պահպանության, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ, կազմակերպվում են տեղական և միջազգային փառատոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ։
Դրա վկայություններից է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեկնարկած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը, որն այս տարի նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակը` բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին և հայկական դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուքիան համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանմամբ երաժշտական նվագարանի մասին հայտը դեռևս 2012 թվականից էր Ադրբեջանը ներկայացել ՅՈՒՆԵՍԿՕ գրանցմանը, և գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի քննարկմանը կներկայացվի միայն 2021 թ., եթե արժանանա կոնվենցիայի գնահատման մարմնի անկախ փորձագետների դրական գնահատականին»,-ասված է ՀՀ կրթական գերատեսչության տարածած հաղորդագրությունում, որում, միաժամանակ նշվում է, որ ըստ կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք. ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) համայնքների, խմբերի կամ անհատ կրողների կողմից տվյալ տարրի մշակութային դրսևորումները, առանձնահատկությունները և կենսունակությունը։