Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։ Նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ:
Նախարարությունից նաև տեղեկացնում են, որ տուժած մյուս երկու տղամարդիկ շարունակում են բուժումը Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Հիշեցնենք՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսը վթարի է ենթարկվել հոկտեմբերի 14-ին՝ Հյուսիսային Օսեթիայում` Բեսլան քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա։ Վթարի պատճառով 5 մարդ մահացել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ավտոբուսում եղել է 52 ուղեւոր: