«Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. 93-ամյա պացիենտ, ով տառապում էր նաեւ քաղցկեղով: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 8 պացիենտ»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ այսօր 311 թեստավորման արդյունքում կորոնավիրուսի 28 նոր դեպք է արձանագրվել:
Վարչապետի խոսքով՝ «զգուշավոր լավատեսությունը պահպանում են ու, եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք և պիկը եղել է մարտի 31-ին»:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի տեղեկացմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացենտի մահն արձանագրվել է Արտաշատի բժշկական կենտրոնում, տղամարդը ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շագանակագեղձի քաղցկեղ, զարկերակային հիպերտոնիա»։
Ընդհանուր առմամբ, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը այսօր 11։00-ի դրությամբ 881 է, բուժվել է 114 քաղաքացի, մահվան ելքով 9 դեպք ունենք։