Ապրիլի 2-ից միայն կորոնավիրուսով հիվանդ մարդկանց սպասարկող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը յուրահատուկ կերպ է շնորհավորել ապրիլի 7-ին նշվող Մայրության և գեղեցկության տոնը: Բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանը և բուժքույր Էլմիրա Առաքելյանը կատարել են «Թռչեի մտքով տուն» երգը:
«Երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի, նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, ովքեր օրերն են հաշվում հարազատ օջախ վերադառնալու համար: Մնացեք տանը, դիմացեք…»,–ասված է բուժկենտրոնի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:
Նշենք՝ Հայաստանի Հանրապետությունում այս օրերին կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվում է թվով 9 բժշկական կազմակերպություն: Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, ոստիկանության հոսպիտալը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը և ամենամեծ մահճակալային ֆոնդն ունեցող ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության ներքո գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:
ՀՀ-ում անցած մեկ օրում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 20-ով՝ հասնելով 853-ի: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի այսօր ժամը 11-ին հրապարակված տվյալներով՝ կորոնավիրուսային հիվանդությունից բուժվածների թիվը նախորդ օրվա համեմատ աճել է 25-ով և այժմ 87 է, հիվանդությունից մինչ օրս մահացել է 8 մարդ: