ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ շարունակում են ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Տեղեկացվում է, որ ապրիլի 7-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 7-ի ժամը 15-ը՝ 6982 անձի նկատմամբ, 2759-ը՝ մայրաքաղաքում, 4223-ը՝ մարզերում։
Միաժամանակ նշվում է, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ծառայություն են իրականացնում նաև բանկերի, սուպերմարկետների և այլ հաստատությունների հարակից տարածքներում, որտեղ հնարավոր են մարդկանց կուտակումներ։ Հերթի մեջ գտնվող քաղաքացիներին ոստիկանները հորդորում են միմյանց միջև պահպանել տարածություն։ Բնակչությանը ևս մեկ անգամ հորդորվում է` խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը, դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով Պարետի որոշմամբ սահմանված պահանջները։
Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ ազատ տեղաշարժի արգելքը ուժի մեջ է մտել մարտի 25-ից և գործելու է մինչև ապրիլի 12-ը ներառյալ։ Ինքնամեկուսացման պահանջները խախտողների նկատմամբ սահմանված է 100-250 հազար դրամ տուգանք, իսկ ինքնամեկուսացման պահանջները խախտելու ժամանակ վիրուսի առկայության պարագայում այլոց վարակելիս՝ անձը կտուգանվի 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով։