Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հանրապետության ողջ տարածքում շարունակվում են իրականացվել վարակազերծման գործողություններ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում:
Նախարարությունից հայտնում են, որ փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության ինը մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 1899 հանրային վայրերում՝ հանրային փոխադրամիջոցների կանգառներում, բնակելի շենքերի շքամուտքերի և աստիճանավանդակների, վերելակների և բանկոմատների, ինչպես նաև գազալցակայանի սպասասրահներում:
«ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը վարակազերծման աշխատանքներ է իրականացրել Բագրատաշենի մաքսային անցակետում և Այրում համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում:
Վարակազերծվել են տարածքում կուտակված մոտ 200 բեռնատար ավտոմեքենաները և նրանց վարորդների հավաքատեղիները:
Համաճարակային իրադրությամբ պայմանավորված մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներում ևս իրականացվում են վարակազերծման աշխատանքներ:
Ամենօրյա վարակազերծման են ենթարկվում ստորաբաժանումների շենք շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը»,-մանրամասնում են գերատեսչությունից: