Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը:
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության վարչությունից:
Հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը բրենդավորվել է iUniversity անվամբ, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի և Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաև բուհի քոլեջը և ավագ դպրոցը:
Նշվում է, որ հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի և դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային գրադարան, ներբեռնել տեսադասախոսություններ՝ հնարավորություն տալով ուսանողներին և աշակերտներին հարցեր ուղղել իրենց դասախոսներին և ուսուցիչներին, ինչպես նաև ունենալ առարկայի քննարկման միջավայր և գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար։
Հարթակը նաև հնարավորություն է տալիս յուրաքանչյուր պահի մոնիթորինգ անել և պարզել կոնկրետ կրթական ծրագրի համար ինչպիսի ծավալով է իրականացվել առցանց ուսուցումը, առաջացած բացթողումները և թերությունները, որի միջոցով հաստատության ուսումնական մասի պատասխանատուները կարող են վերահսկել այս կարևոր գործընթացը և առաջացած թերությունները շտկելու համար նախատեսեն նոր գործիքակազմեր։
Ընդգծվում է՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն իր պատրաստակամությունն է հայտնել արտակարգ դրության ժամանակահատվածում հարթակի բոլոր հնարավորությունները և տեխնիկական սպասարկումը տրամադրել նաև դրա կարիքն ունեցող այլ ուսումնական հաստատություններին: