ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ շարունակում են ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Հաղորդվում է, որ մարտի 29-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը՝ 2620 անձի նկատմամբ, 1357-ը՝ մայրաքաղաքում, 1263-ը՝ մարզերում։
Մարտի 29-ին ժամը 9-ից 15-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 117 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը 15-ը՝ 2107 տրանսպորտային միջոց։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել հասարակական տրանսպորտի 50 վարորդների նկատմամբ, որոնք տեղափոխել են սահմանված քանակից ավելի ուղևոր։
Հիշեցնենք՝ պարետի որոշմամբ՝ ազատ տեղաշարժի արգելքը գործելու է մինչև մարտի 31-ը ներառյալ։ Ինքնամեկուսացման պահանջները խախտողների նկատմամբ սահմանված է 100-250 հազար դրամ տուգանք, իսկ ինքնամեկուսացման պահանջները խախտելու ժամանակ վիրուսի առկայության պարագայում այլոց վարակելիս՝ անձը կտուգանվի 300-500 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով։