Կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: Այս իրողությունը հաշվի առնելով, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) տարածած հայտարարությամբ հորդորում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղի հայաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։
Իսկ այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում նրանց խորհուրդ է տրվում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ սթափ գնահատելով իրադրությունը։
ԱԳՆ-ից ընդգծում են՝ հավաքագրվում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները՝ գնահատելու և գործի դնելու աջակցության հնարավոր ուղիները։
Հիշեցնենք, ի թիվս մի շարք երկրների, մարտի 27-ից էլ Ռուսաստանի կառավարության որոշման համաձայն՝ դադարեցվել են ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը, որի շրջանակում չեն իրականացվում օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները։