«Վիշտն անսահման է»․ կորոնավիրուսից 75 տարեկանում մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը - RadioVan.fm

Онлайн

«Վիշտն անսահման է»․ կորոնավիրուսից 75 տարեկանում մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը

2020-03-29 15:16 , Мир, 1417

«Վիշտն անսահման է»․ կորոնավիրուսից 75 տարեկանում մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը

Նոր տիպի կորոնավիրուսային վարակից (COVID-2019) 75 տարեկանում մահացել է Ֆրանսիայում հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։

«Վիշտն անսահման է:

Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր: Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը»,-Twitter-ում գրել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ անկեղծ ցավակցություններ հայտնելով Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին:

Դևեջյանի մահվան բոթին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնաթող նախարար Պատրիկ Դեւեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Ակտիվ ներգրավվածություն ունենալով Ֆրանսիայի քաղաքական կյանքում՝ նա 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին զբաղեցրել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելը։

Օրեր առաջ Twitter-յան գրառմամբ Դևեջյանը տեղեկացրել էր, որ վարակված է կորոնավիրուսով։

«Համաճարակը ինձ էլ է խոցել։ Այնպես որ՝ կարող եմ վկայել բուժանձնակազմի բացառիկ աշխատանքի մասին։ Հոգնած, սակայն նրանց շնորհիվ կայունացած, խորնարհվում եմ նրանց առաջ և իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր հիվանդներին ցուցաբերած մշտական օգնության համար»,-գրել էր նա։

Лента

Рекомендуем посмотреть