Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցած մեկ օրում աճել է 54-ով։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ վիրուսով վարակվածների թիվը այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ հասել է 424-ի։ Այս պահի դրությամբ վիրուսից բուժվածների թիվը 30 է, հիվանդությունից մահացել է 3 մարդ:
Հիշեցնենք՝ հանրապետությունում կորոնավիրուսից առաջին մահը արձանագրվել է մարտի 26-ին, մահացել է 72-ամյա կին։ Այս գիշեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով վարակված ևս երկու անձինք։ Այդ մասին կեսգիշերն անց Ֆեյսբուքում կատարած գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Երկու մահ ունեցանք` 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։
Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց...Ցավակցում եմ նրանց հարազատներին»,-գրել է նախարարը։
Ավելի վաղ Թորոսյանը հայտնել էր, որ «Նորք»-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժօգնություն ստացող թոքաբորբով 13 պացիենտներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն է հայտարարված:
Պարետի որոշմամբ՝ մարտի 25-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Քաղաքացիներին կոչ է արվում տնից դուրս գալ կենսական անհրաժեշտության դեպքում, ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և պարետի կողմից հաստատված տեղաշարժման թերթիկը՝ լրացված տարբերակով: